Դեպի Ջերմուկ
Ազդակիր համայնքների մասին
Իրավաբան Արթուր Գրիգորյանը խոսել է ազդակիր համայնքների խնդիրների մասին՝ նշելով, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանը եւս ազդակիր տարածք է համարվում. հետեւաբար՝ Սեւանի բնակիչները եւս պետք է մաս կազմեն ազդակիր համայնքներին՝ օգտվելով դրանից բխող բոլոր իրավունքներից:
Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նկատել է, որ Սեւանը ազդակիր համայնք չհամարելու որոշումը ՀՀ կառավարության կողմից է եղել, քանի որ հանքի շահագործումը, հաշվի առնելով ենթակառուցվածքների տեղադիրքը, Սեւանի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:
Անդրադառնալով բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի բարձրացրած հարցին, թե ցիանիդային տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի Սեւանա լճի ջրերի աղտոտմանը՝ Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահն ասել է.
«Մենք հետազոտություն ենք իրականցրել, որը շուտով կհրապարակվի՝ որպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատական: Այդ վերլուծությունը եւս փաստում է, որ Սեւանա լճի որեւէ աղտոտում երբեւէ չի լինի, իսկ հանքին ու կույտային տարրալվացման հարթակին մոտ եւ հեռու գյուղերի բնակիչները բացարձակապես ապահովված են»:
Ջերմուկի աղբյուրների կորստի վտանգի մասին
Ներկաները բարձրացրել են նաեւ Ջերմուկի՝ ազդակիր համայնք համարվելու հարցը եւ նկատել, որ պայթեցումներն ու ցնցումները կարող են բերել Ջերմուկի աղբյուրների կորստին:
Դիդիե Ֆոլենը նշել է, որ Ջերմուկն ազդակիր համայնք չհամարելու որոշումը եւս ՀՀ կառավարությունն է կայացրել՝ հիմնվելով բազմաթիվ եզրակացությունների վրա:
Ինչ վերաբերվում է հանքային աղբյուրների կորստի վտանգին՝ Լիդիան Ինթերնեյշնլի ներկայացուցիչը նշել է, որ չնայած բոլոր անհրաժեշտ հետազոտություններն արդեն կատարվել են եւ դրանք ապացուցում են Ջերմուկի վրա ազդեցության բացակայությունը, ընկերությունը պատրաստ է եւս մեկ
փորձագիտական եզրակացություն պատվիրել:
«Միաժամանակ, կարծում ենք, որ արդեն իսկ կատարված ուսումնասիրության համար դիմել էինք լավագույն մասնագետներին»,-ասել է Դիդիե Ֆոլենը:
ՀՀ բնապահպանության նախարարության դրական եզրակացության մասին
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը նշել է, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագծի համար նախապես հայտարարված ու սահմանված ժամկետում նախարարությունը որեւէ բացասական կարծիք չի ստացել:
«Մեր տված եզրակացության համար կարեւոր նշանակություն է ունեցել ազդակիր համայնքների, այդ թվում՝ Ջերմուկի քաղաքապետի կարծիքը: Դրական կարծիք է եղել նաեւ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից», - ասել է նախարարության ներկայացուցիչը:
Կույտային տարրալվացման հարթակի եւ պոչամբարի տարբերության մասին
Քննարկման մասնակիցները բարձրացրել են նաեւ կույտային տարրալվացման հարթակից հնարավոր արտահոսքի խնդիրը: Դիդիե Ֆոլենը փորձագետներից ցանկացել է լսել մեկ օրինակ, ըստ որի վերջին հիսուն տարիների ընթացքում կույտային տարրալվացման հարթակից արտահոսք է տեղի ունեցել:
Իսկ «Գեոթիմ» ընկերության բնապահպանական եւ սոցիալական հարցերով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նկատել է՝ պետք է տարբերել կույտային տարրալվացման հարթակն ու պոչամբարը: Նա նշել է, որ Ամուլսարի հանքն առաջինն է Հայաստանում, որը կիրառելու է կույտային տարրալվացման հարթակի տարբերակը:
«Կույտային տարրալվացման հարթակի դեպքում գործընթացն իրականացվում է փակ ցիկլում, հանքաքարը մշակվում է տեղում եւ փակումից հետո մնում է ռեկուլտիվացված սար», - ասել է Արմեն Ստեփանյանը:
Ինչ վերաբերվում է ցիանիդային տարբերակով ոսկին դուրս բերելու գործընթացին՝ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ցանկացած արտահոսքի վտանգը հասցվել է զրոյի՝ կանխելով բնապահպանական եւ տնտեսական կորուստների հավանականությունը:
«Գեոթիմ»-ը պարտավորվել է ցիանիդի ձեռքբերումը, տեղափոխումը, պահպանումը եւ կիրառումն իրականացնել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի համաձայն, որի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2016-ին:
Փոշու տարածման մասին
Ջրային էկոհամակարգի մասնագետ Արմեն Մանասյանը խոսել է ջրային ռեսուրսների աղտոտման վերաբերյալ՝ նշելով, որ պայթեցումների արդյունքում առաջացող փոշին տարածվում է 20-30 կմ հեռավորության վրա՝ հասնելով մինչեւ Սեւանի ափերը:
Գեոթիմ եւ Լիդիան ընկերությունների ներկայացուցիչները, սակայն, նշել են, որ փոշու տարածման վերաբերյալ հաշվարկներն իրականացրած միջազգային եւ հայաստանյան մասնագետները եղել են Ամուլսարում եւ 6 տարի շարունակ՝ տարբեր եղանակային պայմաններում կատարել քամու չափումներ:
Կատարված ուսումնասիրությունների համաձայն, պայթեցումների արդյունքում առաջացած փոշին մեծամասամբ կհանգրվանի բացահանքից 100, իսկ փոքր մասնիկները՝ 1000 մետր շառավղով: Բացահանքի ամենամոտ համայնքը Գորայքն է, որ գտնվում է 4 կմ հեռավորության վրա:
Փոշու տարածումը նվազագույնի հասցնելու համար հանքը շահագործողը պատրաստվում է ամռանը կիրառել ջրցան մեքենաներ, իսկ հանքաքարն անընդհատ խոնավացվելու է:
$ 700 հազար՝ բուսատեսակի պահպանման համար
Քննարկման ընթացքում Արմեն Ստեփանյանը նշել է, որ Լիդիան ինթերնեյշնլը $ 700 հազար է նախատեսում հատկացնել Ամուլսարի տարածքում հայտնաբերված՝ պոտենտիլա պորֆիրանտա բուսատեսակի պահպանման եւ այլ տարածք տեղափոխելու համար:
Բույսի տեղափոխման ու պահպանման ծախսերն ընկերությունը հաստատել է բուսաբանական ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում:
Սեյսմիկ ռիսկերի մասին
Քննարկման մասնակիցները բարձրացրել են նաեւ սեյսմիկ ռիսկերին, ինչպես նաեւ քիմիական նյութերին առնչվող խնդիրները:
Դիդիե Ֆոլենը նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ սեյսմիկ գոտում հանքեր են շահագործելում.
«Մենք հստակ կարողանում ենք մոդելավորել սեյսմիկ գոտիները, որպեսզի հանքի շահագործումը դրանց լրացուցիչ վնաս չհասցնի: Ինչ վերաբերվում է քիմիական նյութերին՝ բազմիցս բացատրել ենք, որ օգտագործում ենք կույտային տարրալվացման մեթոդը, որի առավելություններից մեկը հնարավորինս քիչ քանակի քիմիական նյութերի օգտագործումն է»,-ասել է նա:
Դիդիե Ֆոլենը նշել է, որ բնակչության անվտանգության խնդիրը կարեւորելով կատարել են լրացուցիչ նախագծում, որի առանձնահատկությունը լիովին փակ համակարգն է:
«Այս փակ շղթայի շնորհիվ արտաքին միջավայր որեւէ արտահոսք տեղի չի ունենալու, կանխվել են բոլոր անկանխատեսելի երեւույթները»,-ասել է նա, հավելելով, որ աշխարհում հարյուրավոր անվտանգ գործող հանքեր կան եւ Ամուլսարը եւ կարող է նման օրինակ դառնալ:
Комментарии
Отправить комментарий